ՀԿՀ կրթաթոշակառուները կամավոր հիմունքներով մասնակցում են ՔԿԱԳ արխիվների թվայնացման գործընթացին
ՀՀ արդարադատության նախարարությունը, համագործակցելով Հայ Կրթական Հիմնարկության հետ, իրականացրել է կամավորների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվները թվայնացնելու դասընթաց:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր տեսաուղերձում ողջունել է ուսանողներին՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը թվային գործիքների կիրառման հարցում, ինչը հնարավորություն կտա ներկաներին անձամբ մասնակցելու պետության կողմից իրականացվող թվայնացման գործընթացին՝ ապահովելով պետական փաստաթղթերի հասանելիությունը և մատչելիությունը:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը ուսանողներին ներկայացրել է ՔԿԱԳ գործառույթները, թվայնացման սկզբունքները և գործընթացը՝ կարևորելով ուսանողների ներգրավվածությունը ՔԿԱԳ արխիվների հսկայական ֆոնդի թվայնացման գործընթացում: Նա նշել է, որ թվայնացման գործընթացը մեկնարկել է 2014 թվականից՝ շեշտելով, որ ակտերի թղթային կրիչների անցումը դեպի թվային ակտերի գրանցում շատ կարևոր վարչարարություն է, որը կօգնի մեր երկրին առավել ներկայանալի լինելու հարցում:
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը կնքել են համագործակցության հուշագիր։
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը շուրջ 200 մասնակիցներին ծանոթացրել է անձնական տվյալների հետ կատարվող աշխատանքին, կամավորության ժամերի բաշխման սկզբունքին: Ծրագրի մասնակիցների հետ կնքվելու են կամավորական աշխատանքի մասին պայմանագրեր։ Կամավորներն արխիվի թվայնացումը կմեկնարկեն ապրիլի 21-ից։
Ընտրացանկ