Հաճախ տրվող հարցեր

 

Եթե ես համապատասխանում եմ հայտարարությունում նշված չափանիշներին, արդո՞ք դա նշանակում է, որ ես ֆինանսավորում կստանամ:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով, քանի որ տրամադրվող ֆոնդերը սահմանափակ են: Դիմումի-հայտի լրացումը դեռևս չի նշանակում, որ Ձեր դիմումը կընտրվի՝ կրթաթոշակ հատկացնելու համար: 

 

Քանի՞ ուսանող է նախատեսված ընտրել` կրթաթոշակ տրամադրելու համար:

Յուրաքանչյուր տարի ՀԿՀ-ի կողմից տրամադրվում է մոտ 150-200 կրթաթոշակ` կախված վարձավճարների ծավալից և ֆոնդերի առկայությունից: 

 

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում կրթաթոշակառու ուսանողները:

Կրթաթոշակի տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում բարձր առաջադիմությամբ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

 

 Ի՞նչ փուլերով է իրականացվում մրցույթը: Արդյո՞ք նախատեսվում է հարցազրույցների անցկացում:

 

Մրցույթի առաջին փուլում ընտրող հանձնաժողովի անդամները գնահատում են հայտերը` ըստ վերոնշյալ չափանիշների: Առավել բարձր գնահատականներ ստացած հայտերը քննարկվում են ընտրող հանձնաժողովի հանդիպման ընթացքում, որից հետո կազմվում է ընտրված հայտերի ցուցակը: Ընտրված ուսանողները հրավիրվում են հարցազրույցի` վերջնական որոշում կայացնելու համար:

 

Իմ միջին գնահատականը ցածր է, սակայն ֆինանսական և սոցիալական անբարենպաստ/ծանր պայմաններում եմ ապրում: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին:

Մրցույթին կարող են դիմել միայն այն ուսանոցները, որոնց ակադեմիական առաջադիմության նիշը առնվազն 3;2, 7, 15 կամ 75 միավոր է։

 

 Ես Հայաստանի քաղաքացի եմ, բայց սովորում եմ արտերկրում: Կարո՞ղ եմ կրթաթոշակ ստանալ` ուսման վարձը հոգալու համար:

Ո՛չ, ցավոք: Կրթաթոշակը տրամադրվում է միայն Հայաստանի պետական բուհերում սովորողներին:

 

 Իմ բուհը տրամադրում է պետական նմուշի դիպլոմ, արդյո՞ք այն համարվում է պետական բուհ:

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը տես ԿԳՄՍՆ-ի կայքում. http://www.edu.am/DownloadFile/261arm-Universities.pdf

 

 Ես սովորում եմ ՀՀ պետական բուհի անվճար (պետպատվեր) համակարգում: Կարո՞ղ եմ դիմել կրթաթոշակ ստանալու համար:

Ո՛չ, կրթաթոշակը տրամադրվում է միայն առկա վճարովի համակարգում սովորող ուսանողներին` ուսման վարձը հոգալու համար:

 

 Ես ցանկանում եմ դիմել մագիստրատուրա և ցանկանում եմ դիմել կրթաթոշակի համար: Եթե ես ընտրվեմ մրցույթում և հետագայում հնարավորություն ունենամ անվճար սովորել, կստանա՞մ արդյոք կրթաթոշակը:

Հնարավոր է, որ մրցույթով Դուք ընտրվեք, սակայն եթե ուսումնական տարվա սկզբում պարզվի, որ Դուք անվճար համակարգ եք ներառվել, կամ պետական այլ օգնություն ստանաք՝ վարձը վճարելու համար, Ձեզ կրթաթոշակ չի հատկացվի: Եթե օգնություն ստանաք` վարձի մասնակի վճարի տեսքով, ապա մենք կփոխանցենք բուհին միայն վարձի այն մասը, որ պակասում է:

 

 Ի՞նչ մեխանիզմով է տրամադրվում կրթաթոշակի գումարը:

Կրթաթոշակի գումարը փոխանցվում է համապատասխան բուհին յուրաքանչյուր կիսամյակ՝ հաշվի առնելով ուսանողի առաջադիմությունը և բուհի տրամադրված հաշիվ-ապրանքագիրը: Կրթաթոշակը չի տրամադրվում առձեռն գումարի տեսքով: 

 

Ես սովորում եմ վճարովի համակարգում, սակայն ուսման վարձիս որոշ մասը հոգում է պետությունը: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին ուսման վարձի մյուս կեսի համար: 

Այո՛, կարող եք։

 Քանի՞ տարվա համար է տրամադրվում կրթաթոշակը:

Կրթաթոշակը տրամադրվում է մեկ ուսումնական տարվա համար, սակայն հնարավոր է, որ այն երկարաձգվի նաև հաջորդ տարի, եթե, իհարկե, ուսանողը շարունակում է համապատասխանել կրթաթոշակի համար անհրաժեշտ չափանիշներին:

 

 Կա՞ն բուհեր կամ մասնագիտություններ, որոնց առաջնահերթություն է տրվում:

Ո՛չ, բոլոր  բուհերրն ու մասնագիտությունները հավասարազոր են։

 

Եթե իմ համալսարանը չկա Ձեր ցուցակում, կարո՞ղ եմ բացառության կարգով դիմել։

Ո՛չ, չեք կարող դիմել։

 

 Ես սովորում եմ հեռակա ուսուցման համակարգով: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին:

Ո՛չ, չեք կարող։

 

 Ես սովորում եմ մագիստրատուրայում / ասպիրանտուրայում / օրդինատուրայում: Կարո՞ղ եմ մասնակցել մրցույթին:

Այո՛, կարող եք։

 

Որտեղի՞ց  կարող եմ վերցնել բնակության վայրի մասին տեղեկանքը։

Դուք այն կարող եք վերցնել գյուղապետարանից, քաղաքապետարանից, համայնքապետարանից կամ ԺԵԿ-ից։

Որոտեղի՞ց կարող եմ ներկայացնել հոսանքի կտրոնները, եթե այն չի պահպանվել։

Դուք, նախևառաջ պետք է ներկայացնեք այն վայրից ստացականնեեր, որտեղ բնակվում են Ձեր ծնոողները։ Ստացականները կարող եք ներկայացնել Ձեր տարածքային ՀԷՑ-ի գրասենյակիցայն կոչվում է հոսանքի էպիկրիզ։

 

 Ի՞նչ պարտավորություններ է ստանձնում ուսանողը կրթաթոշակը ստանալուց հետո:

Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է շարունակել սովորել բարձր առաջադիմությամբ, մասնակցել կրթաթոշակ ստացած ուսանողների հանդիպումներին, ինչպես նաև տարեկան առնվազն 120 ժամ կամավորական աշխատանք իրականացնել որևէ հաստատությունում (հասարակական կազմակերպություն և այլն) կամ ինքնուրույն նախաձեռնել և կազմակերպել որևէ հանրօգուտ աշխատանք:

 

Menu