«Մեր ընտանեկան արժեհամակարգում չսովորելը երբեք տարբերակ չի եղել, անգամ այն պարագայում, երբ ծնողներս առողջական խնդիրներ ունեին, ու հորաքույրս էր զբաղվում իմ դաստիարակությամբ ու կրթությամբ։
Ընտրելով ինձ շատ հոգեհարազատ մասնագիտություն՝ մարքեթինգը, ընդունվելով Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան՝ ես որոշեցի անել ամեն բան, որպեսզի թեթևացնեմ ընտանիքիս հոգսերը։ Երբ փնտրում էի բարեգործական կազմակերպություններ, ինձ բախտ վիճակվեց տեսնել Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակների մրցույթի վերաբերյալ հայտարարությունը, որը բախտորոշ նշանակություն ունեցավ ինձ համար։
Անբացատրելի զգացում է, երբ գիտակցում ես, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են հոգ տանել քո մասին, քանի որ քո մեջ մեծ ներուժ են տեսնում։ Ուսումնառությանս վեց տարիների ընթացքում ՀԿՀ-ն եղել է կողքիս, միշտ ոգեշնչել է ինձ ու հպարտացել իմ ձեռքբերումներով։
Հայ Կրթական Հիմնարկության շնորհիվ իմ ծննդավայրում՝ Վանաձորում, կարողացա իրականացնել մի ծրագիր, որի նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելը։ Ես բացեցի փոքրիկ կարի խանութ, որտեղ աշխատում էին հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Միշտ պայքարել եմ և փորձել եմ անել ամեն բան, որ բոլորը ունենան առաջընթացի հավասար հնարավորություններ։
Կարոտով եմ հիշում Հայ Կրթական Հիմարկության հետ անցկացրած յուրաքանչյուր պահը, մեր կամավորական աշխատանքները․․․
Հպարտ եմ, որ ինձ բախտ է վիճակվել լինել ՀԿՀ կրթաթոշակառու, ու շնորհակալ եմ իմ հովանավոր տիկին Սուսաննային մինչև օրս կողքիս լինելու համար»։
Աննա Սալոմե, Լոռի, Վանաձոր
ՀՊՏՀ շրջանավարտ
Աննան նորաձևության մարքեթինգի մասնագետ է, աշխատում է MBG Hospitality ընկերությունում որպես բրենդ մենեջեր։
Հովանավոր՝ Թուֆենկյան կրթաթոշակային ծրագիր, Սուսան Վարդանյան Բարբա
#մերշրջանավարտները
#ՄերԱնցածՈւղին