Ես Քրիստինե Դալլաքյանն եմ, մասնագիտությամբ՝ բժիշկ-ակնաբույժ: Բնակվում եմ Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Ամուսնացած եմ, ունեմ մեկ բալիկ: Բարձրագույն կրթություն ստանալը դեռ մանկուց եղել է երազանք, նպատակ: Բժիշկ դառնալու որոշման մեջ մեծ դեր են ունեցել հայրական կողմիս տատիկն ու պապիկը: Շատ կարևոր եմ համարում նաև ամուսնուս աջակցությունը, ով ջանք ու եռանդ չի խնայել, որ ես շարունակեմ կրթությունս ու սովորեմ գերազանց առաջադիմությամբ: Աջակցել է ինձ բոլոր հարցերում և իմ կողքին եղել ու հավատացել ինձ ամենադժվարին պահերին:
Երբ արդեն օրիդինատուրայի նախավերջին կուրսում էի սվորում, ընկերներիցս իմացա Հայ Կրթական Հիմնարկության մասին: Երբ իմացա, որ հարյուրավորների մեջից ընտրվել եմ և հովանավորվելու եմ Հայ Կրթական Հիմնարկության կողմից, հպարտ էի, անչափ ուրախ, էմոցիաներս այնքան շատ էին, ուզում էի որքան հնարավոր է շատ մարդ իմանա այդ մասին: Կրթաթոշակառու եղել եմ մեկ տարի, բայց այդքանն էլ ինձ թույլ տվեց ճանաչել շատ լավ, պոզիտիվ ու բարի մարդկանց՝ մեկ հարկի տակ:
Անցյալ տարի ավարտելով նաև օրդինատուրան՝ վերադարձա իմ ծննդավայր: Ծննդավայր վերադառնալս որոշված էր ի սկզբանե, իսկ ակնաբուժություն մասնագիտությունն ընտրեցի մեր քաղաքում մասնագետի անհրաժեշտությունից դրդված: Այսօր ես աշխատում եմ Իջևանի ԲԿ-ում և իմ հիմնական նպատակն է հնարավորինս լինել օգտակար իմ սիրելի բնակչությանը:
Եվ այսօր, այո՛, ես կարող եմ ասել, որ իմ մեծագույն երազանքն արդեն իրականություն է նաև շնորհիվ Հայ Կրթական Հիմնարկության:
Իմ շատ սիրելի ՀԿՀ, անչափ շնորհակալ եմ Ձեզ՝ ինձ հավատալու և իմ կողքին լինելու համար:
Հովանավոր՝ Դոկտոր Արմեն Քասսաբյան
Քրիստինե Դալլաքյան
Աշխատում է ակնաբույժ Իջևանի ԲԿ-ում