Ես Միջերիտա Խաչատրյանն եմ։ Ծնվել և մեծացել եմ Թալին քաղաքում։ Բակալավրի աստիճան ստացել եմ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի համանուն բաժնում, իսկ մագիստրոսի աստիճան ստացել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային և եվրոպական իրավունք» մասնագիտացմամբ։ Ներկայումս ուսանում եմ նաև Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute) կանանց քաղաքական առաջնորդության դպրոցում։
Բարձրագույն կրթություն ստանալը ինձ համար դեռ դպրոցական տարիներից է եղել առաջնահերթություն, ինչում ինձ միշտ անվերապահորեն աջակցել են իմ ծնողները: 2012-ին ընդունվեցի համալսարան՝ վճարովի հիմունքով: Եվ երբ որ արդեն համալսարանական էի, մի քանի տարբեր աղբյուրներից լսեցի Հայ Կրթական Հիմնարկության մասին: Դիմեցի, բայց, խսոտովանում եմ, սկզբում հույսերս այնքան էլ մեծ չէին: Չեմ կարող նկարագրել այն ապրումները, երբ հեռախոսի այն կողմից լսվեց երկար սպասված լուրը. «Շնորհավորում ենք, Դուք ՀԿՀ կրթաթոշակային մրցույթի հաղթող եք»: Դա ինձ համար անձնական մեծ նվաճում էր: ՀԿՀ-ի կողմից տրված անվճար կրթություն ստանալու հնարավորությունն անգնահատելի է, սակայն հովանավորման 2 տարիների ներդրումն իմ կյանքում դրանով չի ավարտվում։ Նախ, ես դարձա մի մեծ ընտանիքի անդամ, որի հետ իրականացրած ցանկացած նախաձեռնություն կոչված էր լինելու ոչ միայն ուսուցողական ու նորանոր հմտություններ ձևավորող, այլ նաև լի անմոռանալի ու հիշարժան պահերով։ Դրանցից մեկը, թերևս, այն է, թե ինչպես մի խումբ ՀԿՀ ուսանողներով պարի խումբ ձևավորեցինք՝ ամենամյա մեծ միջացառման ժամանակ ելույթ ունենալու համար: Ի սկզբանե այն, ինչ անհնար էր թվում մի խումբ սիրողական պարողների համար, վերջում դարձավ իրական՝ բազմաթիվ պարապմունքների, զվարճանքով ու մեծ ջանքերով հագեցած օրերի արդյունքում: Կարոտով եմ հիշում այդ օրերը:
ՀԿՀ-ի շնորհիվ ես բացահայտեցի նաև հանրօգուտ աշխատանք կատարելու ողջ բերկրանքն ու կարևորությունը: Ես սկսեցի ակտիվորեն զբաղվել կամավորական աշխատանք կատարելով՝ հայացքս ուղղելով դեպի իմ համայնք: Կամավորական աշխատանքներ կատարելով ես ոչ միայն սկսեցի նորովի ընկալել ինձ շրջապատող աշխարհը, այլ նաև ձեռք բերեցի գործնական այնպիսի հմտություններ ու կարողություններ, որոնք հետագայում պետք է օգնեին ինձ համահիմնադրել ու նախագահել հասարակական կազմակերպություն։ Կամավորությունն ինձ համար միայն աշխարհընկալման հնարավորություն չէր, այլ փոփոխություններ բերելու, իմ ընտանիքում, համայնքում ու շրջապատում կարծրատիպեր կոտրելու ու ինչու ոչ, մարդու իրավունքների ու կարևորագույն հիմնահարցերի ջատագովման միջոց էր։
Հովանավոր՝ Գևորգ և Արաքս Ոսկանյաններ
Միջերիտա Խաչատրյան
Հանդիսանում է ԼՅՈՒՊԻՆ երիտասարդական հասարակական կազմակերպության համահիմնադիր, նախագահ, Արագածոտն Ինֆոտուն ծրագրի ղեկավար
Աշխատում է Վորլդ Վիժն կազմակերպության հովանավորչության բաժնի օգնական